Post by Admin on Jun 18, 2020 16:13:27 GMT
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի նպատակն է ապահովել կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել բավարար իրավական երաշխիքներ եւ աջակցել ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը, ցուցադրմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաեւ կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանմանը եւ հասանելիության ապահովմանը:
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, պետական աջակցության նպատակներն ու ձեւերը, պետական եւ այլ մարմինների լիազորությունները, կինեմատոգրաֆիական գործունության իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հարաբերությունները:
Հոդված 2. Կինեմատոգրաֆիայի մասին օրենսդրությունը
1. Կինեմատոգրաֆիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ` միջազգային պայմանագրեր), սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով (այսուհետ` օրենք) եւ սույն օրենքին համապատասխան ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) ազգային կինոռեեստր` ազգային ֆիլմերի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրելու, գրառելու եւ օգտագործելու նպատակով ստեղծված տվյալների հիմնապահոց.
2) ազգային ֆիլմերի աջակցության դրամագլուխ` աջակցություն տրամադրողների կողմից ազգային ֆիլմերի ստեղծման եւ առաջխաղացման նպատակով հատկացված գումարներ.
3) աջակցություն տրամադրող` ֆիլմերի ստեղծման եւ տարածման համար ֆինանսավորում հատկացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ով չի մասնակցում ֆիլմարտադրության գործընթացին, ձեռք չի բերում ֆիլմի նկատմամբ գույքային իրավունքներ եւ չի կարող ազդել ֆիլմարտադրողի որոշումների կայացման վրա.
4) դասակարգում` ֆիլմի տարբերակում` ըստ դիտողների տարիքային սահմանափակման չափորոշիչների.
5) ենթագրում` ֆիլմում գործող անձանց արտահայտած խոսքի կամ մեկնաբանություն պարունակող տեքստի արտածում կադրի ստորին հատվածում.
6) լիամետրաժ ֆիլմ` 52 րոպեից ավելի տեւողություն ունեցող ֆիլմ.
7) կարճամետրաժ ֆիլմ` մինչեւ 52 րոպե տեւողություն ունեցող ֆիլմ.
8) կինեմատոգրաֆիա` մշակույթի եւ արվեստի ոլորտ, որն իր մեջ ներառում է ֆիլմի ստեղծման, տարածման, ցուցադրման հետ կապված մասնագիտական, ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, գիտական եւ կրթական գործունեության ամբողջություն.
9) կինոթատրոն` համապատասխան տեխնիկական միջոցներով էկրանի վրա 50 եւ ավելի դիտողների համար նախատեսված ֆիլմի ցուցադրման առնվազն մեկ սրահ ունեցող վայր.
10) կինոժառանգություն` ժառանգված, պահպանված, հաջորդ սերունդներին փոխանցվող եւ հանրային սեփականություն հանդիսացող ֆիլմի հիմնանյութ, ֆիլմի բնօրինակ կամ բնօրինակ պատճե, ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ պարագաներ (ռեկվիզիտ, կահույք, բեմադրական իր, հագուստ, սարք, սարքավորում, առարկա, կառույց), շարժական եւ անշարժ գույք.
11) կինոտարեգրություն` փաստավավերագրական նյութ, որում ժամանակագրական կարգով արտացոլված է իրողությունների կամ փաստերի հաջորդական պատկերում` դրանք հետագայում օգտագործելու նպատակով.
12) կինոփառատոն` տարբեր անվանակարգերում ընտրված ֆիլմերի ցուցադրման նպատակով մրցութային կամ ոչ մրցութային ծրագրով եւ հաստատված կանոնակարգով անցկացվող միջոցառում.
13) կրկնօրինակում` ֆիլմում գործող անձանց արտահայտած խոսքի վանկավոր արտասանության համաժամանակյա թարգմանության հնչյունագրում.
14) համատեղ արտադրություն` սույն օրենքով սահմանված կարգով երկու եւ ավելի ֆիլմարտադրողների կողմից իրականացվող համատեղ ֆիլմարտադրություն.
15) հավաստագիր` ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունները դրանց նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով ձեռք բերելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.
16) ձայնային ներկայացում` տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ֆիլմի դրվագների հակիրճ բանավոր նկարագրություն.
17) մատակարար` ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած տնտեսվարող սուբյեկտ.
18) նվազագույն շահավետ գին` տնտեսապես հիմնավորված նվազագույն գին, որով պետության գնային կարգավորման բացակայության դեպքում մատակարարի կողմից կմատուցվեր տվյալ ծառայությունը.
19) ստեղծագործական խումբ` ֆիլմի ստեղծման մեջ ներգրավված աշխատախումբ, այդ թվում` սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, երաժշտության հեղինակ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր, մոնտաժող, անիմատոր, զգեստների նկարիչ, առաջին, երկրորդ եւ երրորդ դերի դերասաններ.
20) վարձույթ իրականացնող (դիստրիբյուտոր)` ֆիլմի վարձույթը կազմակերպող տնտեսվարող սուբյեկտ.
21) վարձույթի վկայական` ֆիլմի վարձույթն իրականացնելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.
22) տնտեսվարող սուբյեկտ` կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ.
23) ֆիլմ` ստեղծագործական խմբի համատեղ գործունեության արդյունքում ստեղծագործական մտահղացման հիմքի վրա ստեղծված, թեմատիկ ամբողջականության մեջ միավորված, հետեւողականորեն իրար կապակցված կադրերից կազմված, կինոժապավենի կամ այլ տեսակի կրիչների վրա ամրագրված եւ համապատասխան տեխնիկական միջոցներով հանրությանը ներկայացնելու համար նախատեսված տեսալսողական ստեղծագործություն.
24) ֆիլմ ցուցադրող` ֆիլմի ցուցադրումը կազմակերպող տնտեսվարող սուբյեկտ.
25) ֆիլմարտադրող` ստեղծագործական խմբի հետ կնքված պայմանագրերի հիման վրա ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներ ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտ, ում նախաձեռնությամբ եւ պատասխանատվությամբ իրականացվում է ֆիլմարտադրությունը.
26) ֆիլմարտադրություն` ֆիլմ ստեղծելու նպատակով իրականացվող գործունեություն` ստեղծագործական խմբի ներգրավմամբ, տեխնիկական եւ այլ միջոցների օգտագործմամբ.
27) ֆիլմի բնօրինակ` որակական չափանիշներով ֆիլմի հիմնանյութի ձեւաչափին համապատասխանող ֆիլմի վերջնական հաստատված տարբերակի առաջին օրինակ.
28) ֆիլմի հիմնանյութ` նեգատիվ, հակատիպ, վերստուգիչ պատճեն, տեսահնչյունագրի, երաժշտության, ձայնային համադրման ու մագնիսային հնչյունագրերի բնօրինակ եւ նյութական կրիչի վրա պահվող ու ֆիլմի պահպանման եւ վերարտադրման համար անհրաժեշտ այլ նյութեր.
29) ֆիլմի նախագիծ` ֆիլմի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերի ամբողջություն, որի հիման վրա ընդունվում են ֆիլմարտադրության կամ ֆինանսավորման վերաբերյալ որոշումներ.
30) ֆիլմի պահպանություն` ֆիլմի հիմնանյութերի, ֆիլմի բնօրինակի կամ բնօրինակ պատճենների, ֆիլմի նախագծերի երկարաժամկետ պահպանմանը, պահպանվածության ապահովմանն ու վերականգնմանն ուղղված գործունեություն.
31) ֆիլմի վարձույթ` ֆիլմի բնօրինակի, բնօրինակ պատճենների կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով օգտագործման տրամադրում.
32) ֆիլմի ցուցադրում` ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, համացանցով, հաղորդագծով կամ առանց հաղորդագծի, այդ թվում` հեռարձակում հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապի միջոցով:
Հոդված 4. Կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականության սկզբունքները
1. Կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) ստեղծագործելու ազատությունը եւ պետական միջամտության բացառումը.
2) ստեղծագործողների ինքնուրույնությունն ու իրավահավասարությունը.
3) պետական աջակցության պարտադիրությունն ու անընդհատությունը.
4) պետական աջակցության թափանցիկությունն ու շահերի բախման կառավարումը.
5) կիոնարվեստի պահպանումը, տարածումն ու զարգացումը.
6) ազգային ֆիլմերի ստեղծման եւ հանրահռչակման առաջնահերթությունը.
7) կինոտարեգրության ստեղծման եւ ֆինանսավորման պարտադիրությունը.
8) հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների պաշտպանությունը:
Հոդված 5. Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն ու ձեւերը
1. Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն են`
1) կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումն ու մրցունակության բարձրացումը.
2) ազգային ֆիլմերի ստեղծումը, տարածումն, առաջխաղացումն ու պահպանությունը.
3) ֆիլմերի համատեղ արտադրության խթանումը.
4) կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանությունը.
5) միջազգային համագործակցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը:
2. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության ձեւերն են`
1) իրավական դաշտի կատարելագործումը.
2) բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը.
3) ներդրումների իրականացումը եւ երաշխիքների տրամադրումը.
4) աջակցող ենթակառուցվածքների ստեղծումը եւ զարգացումը.
5) արտադրական եւ տեխնիկական անհրաժեշտ պայմանների ապահովումը.
6) կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը.
7) կրթական, գիտական եւ տեղեկատվական համակարգերի զարգացումը.
8) նյութատեխնիկական հենքի արդիականացումը.
9) կինոարվեստին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծումը.
10) ֆինանսավորման բարենպաստ պայմանների ապահովումը.
11) ֆիլմերի ստեղծման, տարածման, հանրահռչակման եւ պահպանման ֆինանսավորումը.
12) կինոփառատոների եւ կինոարվեստի այլ միջոցառումների կազմակերպումը.
13) կինոարվեստի միջոցառումներին մասնակցության ապահովումը.
14) օրենքով չարգելված այլ աջակցություն:
Հոդված 6. Կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական միջամտության բացառումը
1. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է պետության կողմից ստեղծագործական գործընթացին միջամտելու բացառումը եւ երաշխավորում է կինեմատոգրաֆիայի ոլորտում ազատ ստեղծագործելու ու ինքնաարտահայտվելու հնարավորությունը:
2. Կինեմատոգրաֆիայի ոլորտում գրաքննությունն, այդ թվում` պետական աջակցության մեխանիզմների գործադրման միջոցով, արգելվում է: