Post by Admin on Jun 18, 2020 16:17:24 GMT
ԳԼՈՒԽ 3
ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ
ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ
Հոդված 10. Ազգային մարմինը
1. Կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված անդամություն չունեցող «Հայֆիլմ» ինստիտուտ անվանումով ոչ առեւտրային կազմակերպություն է, որն ունի բացառիկ լիազորություններ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումը:
2. Ազգային մարմնի շահառուներն են Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած տնտեսվարող սուբյեկտները (այսուհետ` շահառու):
3. Ազգային մարմինը հանդիսանում է աջակցություն տրամադրող եւ չի կարող ձեռք բերել գույքային իրավունքներ իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ:
4. Ազգային մարմինը չի հանդիսանում ֆիլմարտադրող եւ չի կարող իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավություն կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա:
Հոդված 11. Ազգային մարմնի խորհուրդը
1. Ազգային մարմնի կառավարման բարձրագույն մարմինը յոթ անդամից բաղկացած հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որում ընդգրկվում են`
1) լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
4) կինոարվեստի մասնագետների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված եւ լիազորված պետական մարմնի սահմանած չափորոշիչների գնահատականների հանրագումարով առավելագույն միավորներ հավաքած մեկ օտարերկրյա եւ երեք տեղական փորձագետ` երեք տարի ժամկետով:
2. Խորհրդի անդամի ընտրության կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
Հոդված 12. Ազգային մարմնի գործադիր տնօրենը
1. Ազգային մարմնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ազգային մարմնի գործադիր տնօրենը (այսուհետ` գործադիր տնօրեն):
2. Գործադիր տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից:
3. Գործադիր տնօրենն ընտրվում է խորհրդի կողմից մրցութային կարգով` կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման եւ զարգացման ծրագրերի առաջարկ ներկայացրած եւ մրցույթի արդյունքում լիազորված պետական մարմնի սահմանած չափորոշիչների գնահատականների հանրագումարով առավելագույն միավոր հավաքած թեկնածուն:
4. Գործադիր տնօրենն ընտրվում է երեք տարի ժամկետով եւ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գործադիր տնօրենի պաշտոնում:
5. Գործադիր տնօրենի ընտրության նպատակով անցկացվող մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն եւ կինեմատոգրաֆիայի ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները:
6. Գործադիր տնօրենի ընտրության կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը: